«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը կոչ է անում տրանսպորտին վճարել 50 դրամ: Ինքը հենց այդպես էլ վարվում է` վճարելով ոչ թե 100, այլ 50 դրամ: Այդ մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր գրառման մեջ. «Անշուշտ, ես շատ եմ կարևորում պարտադիր կուտակայինի դեմ նախաձեռնությունը և բողոքի շարունակական ակցիաները, որոնք իսկապես օրեցօր էլ ավելի մեծ հասարակական զանգվածներ են կենտրոնացնում խնդրի շուրջ, խնդիր, որն իսկապես հակասահմանադրական է և հակասոցիալական և ոտնահարում է ՀՀ քաղաքացիների շահերը»:
Ա. Զախարյանը կարծում է, որ բողոքի ակցիաները հարկավոր է շարունակական դարձնել: Նրա խոսքով, ինքը շատ լավ ուսումնասիրել է այս իշխանությունների հոգեբանությունը և եկել մի եզրակացության` «սրանք զիջումների են գնում միայն այն ժամանակ, երբ ֆինանսապես դեմ ես տալիս պատին, ուստի բողոքի ակցիաների հետ համատեղ առաջարկում եմ այլ, ավելի էֆեկտիվ միջոցներով պայքարել հակասոցիալական երևույթի դեմ»:
Իշխանությունների դեմ որպես էֆեկտիվ պայքարի միջոց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահը համարում է տրանսպորտին 50 դրամ վճարելը: Իսկ թե ինչով է արդարացված նրա նման քայլը, վերջինս պարզաբանում է. «Այսօր քաղաքային տրանսպորտը գտնվում է ծայրաստիճան խայտառակ վիճակում՝ անվտանգության և սանիտարական առումով, և այսպիսի ժամկետանց երթուղայիններին 100 դրամ վճարելն արդեն մեծ շռայլություն է: Իսկ ինչ վերաբերում է վարորդների նկատմամբ իմ քայլի ոչ այնքան օբյեկտիվ մոտեցմանը, ապա պիտի փաստեմ, որ նույն այդ վարորդները նույնպես պիտի դուրս գան պայքարի և պահանջեն քաղաքապետարանից և փոխադրողների միությունից շրջանառությունից հանել անվտանգության և սանիտարական տարրական պայմաններ չունեցող երթուղայինները, որոնք քաղաքի այս հատվածից այն հատվածը քաղաքացիներին տեղափոխելիս առնվազն 2 անգամ անսարքության պատճառով կանգնում են փողոցներում՝ քաղաքացիներին սառեցնելով այս սաստիկ ձմռան պայմաններում»,-իր գրառման մեջ նշել է Անի Զախարյանը:
Ի դեպ, ինչպես պարզեցինք, Անին իր խոսքի տերն է, և երկու օր է երթուղայիններին 50 դրամ է վճարում: Թե ինչպիսի վերաբերմունքի է արժանանում նրա այդ քայլը վարորդների կողմից, վերջինիս ամենաքիչն է հուզում:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Հ.Գ. Թեև Անին մարդկանց կոչ է անում հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարել 50 դրամ, բայց, ինչպես ականատեսներն են վկայում, նա հենց երեկ 39 համարի երթուղայինին վճարել է 100 դրամ և իջել: Թե ինչով են պայամանավորված նրա՝ իր իսկ կոչերին հակասող քայլերը, կարծում ենք, դժվար չէ հասկանալ՝ ամենասովորական ինքնագովազդ է: